Արևածաղիկ մանկապատանեկան ամսաթերթ
«Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը հիմնվել է 1999թ., «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամ և ոչ հաշմանդամ պատանիների և երեխաների կողմից:
Ամսաթերթի նպատակն է ավելացնել երեխաների իրազեկությունն իրենց հաշմանդամ հասակակիցների հնարավորությունների մասին և ձևավորել անխտրական վերաբերմունք հաշմանդամ երեխաների նկատմամբ:
Մենք ցանկանում ենք միավորել մեր հասարակությունը, այլ ոչ թե դաս դասել մարդկանց, քանի որ անկախ իրենց դիրքից, կարողությունից ու խառնվածքից, բոլորն էլ մեկ մեծ հասարակության անդամ են: Իսկ արևածաղիկը հենց այդպիսի մի հասարակության պատկերն է: Այն մեծ ու գեղեցիկ ծաղիկ է, որի գլխիկը կազմում են նրա սերմերը` փոքրիկ ու մեծ, լի ու փուչ: Եվ չնայած իրենց տարբերությանը, նրանք բոլորը միասին են ու կազմում են մեկ ամբողջություն` մի ամբողջ գեղեցիկ ծաղիկ, որը միշտ ձգտում է դեպի արև, դեպի ջերմություն:
Ո՞վ է ստեղծում «Արևածաղիկ»
«Արևածաղիկ» ամսաթերթը ստեղծվում է հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաների ու պատանիների համատեղ ջանքերով, ում համար «Հույսի կամուրջի» կենտրոնում անցկացվում են պատանի լրագրողների անվճար դասընթացներ: Լրագրողական ժանրերի ուսուցումը, հայ և համաշխարհային գրականության վերլուծությունը, մամուլի տեսությունը, ինչպես նաև գործնական աշխատանքները նպաստում են երեխաների ու պատանիների մեջ լրագրողական հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը: Ստեղծագործական կազմն ընտրվում է մրցույթի արդյունքում, որ ամեն տարի հայտարարվում է դպրոցականների համար: Դասընթացի ավարտին հանդիսավոր արարողությամբ պանիները ստանում են ավարտական վկայականներ:
Ինչի՞ մասին է գրում ամսաթերթը
Ամսաթերթի «Հավասար հնարավորություններ», «Մեր մեծերը», «Կարդում ենք բոլորս», «Դպրոցական խճանկար», «Գիտես որ», «Կինո», «Սպորտ», և այլ խորագրերն անդրադառնում են երեխաներին ու պատանիներին հուզող արդիական թեմաներին, ամենակարևորը` իր ընթերցողին իրազեկ է դարձնում հաշմանդամության և սոցիալական այլ խնդիրներին:
Պատանի լրագրողները հանդիպում, հարցազրույց են վարում գիտության, արվեստի, պետական և հասարակական գործիչների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, գրում են երեխաների հիմնախնդիրներով զբաղվող տարբեր կազմակերպությունների մասին:
«Արևածաղիկը» հետևողական է մանավանդ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում և պարբերաբար անդրադառնում է այդ թեմային:
Ամսաթերթի ամենամեծ խնդիրն ազգային ու մշակութային արժեքների տարածումն է, Հայ առաքելական եկեղեցու հավատամքին, մշակութային կյանքին հաղորդակից դարձնելը` ապագա սերնդի դաստիարակության ու ճաշակի ձևավորման նպատակով:
Ամսաթերթը նաև հզոր միջոց է երեխաների ձայնը լսելի դարձնելու համար:
Նոր հայացք կյանքին ու նոր մտածողություն սկսած դպրոցական նստարանից, սա թերևս «Արևածաղկի» ամենամեծ նվաճումն է, որին պատանի լրագրողները հասել են ազնիվ ու նվիրյալ աշխատանքի շնորհիվ:
Ո՞վ է մեր ընթերցողը
Այսօր «Արևածաղիկը» ունի 32 էջ, տպագրվում է 1000 տպաքանակով, անվճար տարածվում է Երևանի և մարզերի դպրոցներում, ունի ավելի քան 120 թղթակից հանրապետության տարբեր մարզերից, կրթել ու կրթում է պատանի լրագրողների մի քանի սերունդ:
Ամսաթերթը տարածվում է նաև մանկական գրադարաններում, մշակութային կենտրոններում, երեխաների խնդիրներով զբաղվող տարբեր հաստատություններում:
Համագործակցում է ՀՀ ստեղծագործական բոլոր միությունների, մշակութային օջախների և մանկապատանեկան կրթօջախների հետ: Ամսաթերթի նյութերը պարբերաբար ընթեցվում են Հայաստանի Հանրային և մյուս ռադիոկայաններով:
«Արևածաղիկն» էր, որ առաջիններից մեկը խոսեց անցյալից մնացած կաղապարները փշրելու, հասարակության բոլոր անդամների լիարժեքության ու հավասարության մասին և հաշմանդամության թեման դարձրեց ամսաթերթի առանցքային թեման:
Մեր նախաձեռնությունները
Երևանի և մարզերի դպրոցներում պարբերաբար ամսաթերթի շնորհանդեսներ են արվում, որի նպատակը ամսաթերթի նպատակների ու խնդիրների մասին իրազեկելն է, ինչպես նաև աշակերտների խրախուսումը ստեղծագործելու և ամսաթերթին թղթակցելու համար: Ամսաթերթի խմբագրակազմը հաճախակի այցելություններ է ունենում դպրոցներ, ընթերցողների հետ հետադարձ կապն ապահովելու և երեխաներին հուզող խնդիրներին անմիջապես արձագանքելու համար: «Արևածաղիկը» նաև դպրոցական միջոցառումների մշտական հյուրն ու ուղեկիցն է:
Ամսաթերթի լրագրողները տարբեր ակցիաների և նախաձեռնությունների ակտիվ մասնակից են:
Նրանք հանդիպումեր են ունենում իրենց դպրոցներում, որտեղ դասընկերների հետ ինտերակտիվ մեթոդներով քննարկում են հաշմանդամության խնդիրները և «Դպրոց բոլորի համար» գաղափարը: Նմանատիպ միջոցառումները նվիրված են հաշմանդամ մարկանց մասին դպրոցականների իրազեկության բարձրացմանը և նրանց հանդեպ հարգանքի ձևավորմանը:
2007 թվականից ամսաթերթի թղթակից Արամ Մանուկյանի նախաձեռնությամբ «Արևածաղիկը» կազմակերպում է «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» մինի ֆուտբոլի լրատվամիջոցների մրցաշար: Դրա նպատակը հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է: Մրցաշարին «Արևածաղիկ» ամսաթերթը ներկայանում է իր թիմով` կազմված պատանի թղթակիցներից, նրանց ընտանիքի անդամներից, «Հույսի կամուրջի» աշխատակիցներից և ընկերներից, ովքեր մյուս լրատվամիջոցների թիմերի հետ մրցում են հանուն հավասար հնարավորություններ գաղափարի:



