Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասինՆԱԽԱԲԱՆ
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,
ա) վկայակոչելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ հռչակված սկզբունքները, որոնք մարդկային ընտանիքի բոլոր անդամներին բնորոշ արժանապատվությունն ու արժեքները և նրանց հավասար ու անօտարելի իրավունքներն ընդունում են որպես աշխարհում ազատության, արդարության և խաղաղության հիմք,
բ) գիտակցելով, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և Մարդու իրավունքների մասին միջազգային դաշնագրերում Միավորված ազգերի կազմակերպությունը հռչակել և հաստատել է, որ յուրաքանչյուր ոք օժտված է դրանցում ամրագրված իրավունքներով և ազատություններով` առանց որևէ տարբերակման,
գ) վերահաստատելով մարդու բոլոր իրավունքների ու հիմնարար ազատությունների համընդհանրությունը,անօտարելիությունը, փոխկախվածությունը և փոխկապվածությունը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց` առանց խտրականության դրանցից ամբողջությամբ օգտվելը երաշխավորելու անհրաժեշտությունը,
դ) վկայակոչելով «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, «Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը,
«Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիան, «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիան, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան և «Բոլոր ներգաղթած աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիան,
ե) գիտակցելով, որ հաշմանդամությունը էվոլյուցիոն երևույթ է, և որ այն արդյունք է այնպիսի փոխազդեցության, որը տեղի է ունենում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց և վերաբերմունքի ու շրջապատի սահմանափակումների միջև, որոնք խոչընդոտում են նրանց` մյուսների հետ հավասար հիմունքներով լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը հասարակական կյանքում,...



