1996 թվականի հուլիսին, երբ դեռ աշխատում էի ամերիկյան «Փրոջեքթ Հոուփ» կազմակերպության վերականգնողական ծրագրում, մեզ այցելեց բրիտանական ՕՔՍՖԱՄ կազմակերպության հաշմանդամության հարցերով խորհրդատու Ժակլին Քրիստինը, ով իր կյանքի ընթացքում էր ձեռք բերել հաշմանդամություն և իր գերնպատակն էր համարում օգտակար լինել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հաշմանդամ անձանց: Քանի որ իմ աշխատանքի բնույթն այնպիսին էր, որ ես անմիջական շփում ունեի հաշմանդամ երեխաների և նրանց ծնողների հետ, նա խնդրեց ինձ հանդիպում կազմակերպել հաշմանդամ երեխաների ծնողների հետ:
Հանդիպումը մեծ նշանակություն ունեցավ «Հույսի կամուրջի» հիմնադրման համար: Նա առաջարկեց ծնողներին և ինձ մտածել մի կազմակերպություն ստեղծելու մասին, որը կզբաղվի հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանությամբ և կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակություն վաղ մանկական հասակից: Ընդամենը մի քանի ամիս անց` դեկտեմբերի 2-ին, մենք հիմնեցինք «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը:
Այն իր գործունեությունն սկսեց հիմնադրումից անմիջապես հետո` ՕՔՍՖԱՄ կազմակերպության աջակցությամբ: Մեր ուսումնական կենտրոնը այն ժամանակ գտնվում էր «Նաիրի» հյուրանոցում, որտեղ մենք վարձակալել էինք մի փոքր տարածք և աշխատում էինք 45 երեխայի հետ: Սակայն այդ անհրապույր և փոքր կենտրոնը ամենաջերմ անկյունը դարձավ երեխաների և ծնողների համար: Այդտեղ ծնվեցին և հետագայում իրականություն դարձան մեր հույսերն ու ակնկալիքները և, իհարկե, հավատը մեր առաքելության հանդեպ: Այդտեղ էր, որ միս ու արյուն տրվեց կազմակերպությանը և այն հետագայում իրապես դարձավ հույսի կամուրջ հազարավոր երեխաների և ընտանիքների համար:
Այսօր արդեն «Հույսի կամուրջն» ունի հրաշալի և հարմարավետ կենտրոններ Երևանում և Տավուշի մարզում, ուր շարունակում են կյանքի կոչվել այն տեսականն ու առաքելությունը, որ ծնվել էր մեր բոլորի հոգում ու մտքում և շարունակում է մնալ մեր մեջ` ստանալով նոր որակներ և ծնելով նոր գաղափարներ:
Ես շնորհակալ եմ երեխաներին և նրանց ծնողներին, որ հավատում ու վստահում են մեզ և մեզ հետ կամուրջներ են կառուցում շատերի համար: Իսկ կամուրջից այն կողմ դեռ շատ-շատ մեկուսացված երեխաներ կան: Շնորհակալ եմ նաև այն կազմակերպություններին և անձանց, ովքեր օգնել են մեզ դառնալու Հույսի կամուրջ հազարավոր երեխաների և ընտանիքների համար:
Սուսաննա Թադևոսյան
«Հույսի Կամուրջ» ՀԿ նախագահ


