Մեր մասին

«Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն
     
Հասցեն`
Հայաստանի Հանրապետություն, Երևան 0009, Կորյունի 19ա, 207
Հեռախոս` (374 10) 58 91 86, (374 10) 56 01 43
էլ-փոստ` bridge@arminco.com
Կայքէջ` www.bridgeofhope.am

Գրանցված է`
ՀՀ Արդարադատության նախարարությունում 14.02.1997թ.:
Վերագրանցված է` 29.11.1999թ. և 21.08.2003թ.:
Վկայական թիվ 03 Ա 061728

Կազմակերպության կառուցվածքը

Շահառուների խմբերը`

  • հաշմանդամություն ունեցող երեխաները և երիտասարդները,
  • նրանց ծնողները և ընտանիքի մյուս անդամները,
  • հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժները և երեխաները


Գործունեության աշխարհագրությունը`  Երևան, Դիլիջան, Իջևան, Բերդ, Նոյեմբերյան

«Հույսի կամուրջ»  հասարակական կազմակերպությունը  բոլոր երեխաների և երիտասարդների համար, և երեխաների հետ միասին աշխատում է ստեղծել խտրականությունից և պատնեշներից ազատ միջավայր բոլորի համար:

«Հույսի կամուրջ»  հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1996 թվականին` օգնելու հաշմանդամութուն ունեցող երեխաներին ու երիտասարդներին և նրանց ծնողներին` հաղթահարելու իրենց մեկուսացվածությունը և բոլորի հետ հավասար մասնակցելու հասարակական կյանքին: Եթե սկզբում մեր ծրագրերը ուղղված էին հաշմանդամություն ունեցող երեխաներին ինտեգրելու իրենց ոչ հաշմանդամություն ունեցող հասակակիցների հետ, ապա այժմ դրանք ուղղված են ներառմանը: Սա նշանակում է ոչ միայն գտնվել հասակակիցների հետ, այլև  հնարավորությունների առավելագույն չափով մասնակցել ծրագրին: Մեր ծրագրերը միտված են ստեղծելու հավասար հնարավորություններ և բարենպաստ պայմաններ:

Մեր առաքելությունը
Պաշտպանել հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների, ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել նրանց սոցիալական ներառմանը Հայաստանի Հանրապետությունում:

Մեր նպատակները

  • Աջակցել կրթության մատչելիության և հավասար հնարավորությունների ապահովմանը հաշմանդամ և կրթության այլ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և երիտասարդների համար:
  • Հաշմանդամ երեխաներին աջակցել զարգացնել իրենց մտավոր, ֆիզիկական և հոգևոր կարողությունները, ինչպես նաև համայնքում անկախ և լիարժեք ապրելու սոցիալական հմտությունները:
  • Հայաստանի Հանրապետությունում գործող կամ մշակվող տարբեր ռազմավարություներում, հայեցակարգերում, օրենքներում, գործընթացներում, ինչպես նաև հասարակական ընկալման մեջ և համոզմունքներում հասնել այնպիսի փոփոխությունների, որոնք վճռորոշ նշանակություն ունեն հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի, հասարակական կյանքին համակողմանի մասնակցության ու հավասար հնարավորությունների ապահովման համար:
  • Մշտապես զարգացնել կազմակերպության ինստիտուցիոնալ կարողություններն ու հզորությունները` առաջադրված նպատակներին հասնելու համար:


Մեր սկզբունքները
«Հույսի կամուրջը» հավատում է, որ`

  • Խտրականությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ հնարավոր է վերացնել, եթե պետության և հասարակության կողմից դրսևորվի համապատասխան կամք և ցանկություն` հետրելու արդարության և հավասարության սկզբունքներին:
  • Մարդն է ստեղծում խտրականությունը և մարդն էլ կարող է այն վերացնել:
  • Աշխարհում ոչ ոք ապահովագրված չէ ո'չ հաշմանդամությունից և ո'չ էլ հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող դառնալուց, ուստի լուծելով հաշմանդամության հետ կապված հիմնախնդիրները`  յուրաքանչյուր ոք անուղղակիորեն օգնում է ինքն իրեն:
     

Գիտակցում է, որ իր իրավունքներից օգտվելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով հաշմանդամություն ունեցող մարդիկ հասարակության ամենաաղքատ և խոցելի խումբն են և կմնան այդպիսին, քանի դեռ պաշտպանված չեն նրանց լիարժեք կրթության, առողջության պահպանման, լիարժեք մասնակցականության, աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունքները և հավասար հնարավորությունները:
 

Նախագահի կողմից

Կրթության անմատչելիությունը հաշմանդամություն ունեցող երեխաների մեծ մասի համար զրկում է նրանց` իրենց հասակակիցների հետ շփվելու և մեծանալու հնարավորությունից և գնալով նրանք լիովին մեկուսանում են հասարակությունից: Սոցիալական այսպիսի անջրպետումը և անտեսումը իր բացասական ազդեցությունն է ունենում նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների վրա:

1996թ-ից «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը սկսել է զբաղվել հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով և գտել է լուծումներ հիմնված լինելով համայնքային մոտեցման և ներառական սկզբունքների վրա: Տարիներ շարունակ մենք իրականացրել ենք ծրագրեր, որոնք համահունչ են եղել երեխաների և նրանց ծնողների կարիքներին:

«Հույսի կամուրջի» ծրագրերը արժևորվում են հատկապես իրենց արդյունքներով, որոնք որակապես փոխել են և շարունակում են փոխել բազմաթիվ երեխաների և նրանց ծնողների կյանքը: Ծրագրերի արդյունավետությանը մեծապես նպաստում են կազմակերպության անդամների նվիրվածությունը մեր առաքելությանը և նրանց խորը մտահոգությունը հաշմանդամություն ունեցող երեխաների ապագայի հանդեպ: Մեծ է նաև կազմակերպության նվիրյալ և շահագրգիռ աշխատակիցների դերը, որոնք խորապես հավատում և արժևորում են այն, ինչ անում են` մշտապես փնտրելով աշխատելու նոր ձևեր, որոնք կօգնեն լուծելու խնդիրները:
Մենք շարունակելու ենք մեր ուղին դեպի մեր հեռանկարը: Կազմակերպության ղեկավար մարմինները կշարունակեն հավատարիմ մնալ մեր առաքելությանը: Կազմակերպության ռազմավարությունը կշարունակվի մշակվել` մնալով համահունչ հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կարիքներին և կազմակերպության հեռահար նպատակներին: Մենք շարունակելու ենք զարգացնել մեր աշխատակիցների մասնագիտական և ծրագրի կառավարման կարողույթունները և պահպանել այն երեխա կենտրոն մթնոլորտը, որ առկա է կազմակերպության բոլոր կենտրոններում: «Հույսի կամուրջը» ակտիվորեն կշարունակի համագործակցել քաղաքացիական հասարակության այլ դերակատարների հետ` փոխելու Հայաստանում երեխաների կյանքի որակը: